«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը եւս մասնակցելու է սեպտեմբերին սպասվող Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մենք հայտարարել ենք, որ համապետական ընտրություններից բացի շատ ենք կարեւորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, որովհետեւ գտնում ենք, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելու հարցում տեղական կառույցները շատ կարեւոր են։ Կենտրոնական գրասենյակը ոչինչ է առանց տարածքային կառույցների։ Իսկ  տարածքային կառույցների զարգացման համար շատ կարեւոր է, որպեսզի  ակտիվ մասնակցություն ունենանք ՏԻՄ ընտրություններին։ Մասնավորապես Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները համարում ենք շատ կարեւոր»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ դեռեւս հայտնի չէ՝ ովքեր  են գլխավորելու ցուցակները, քննարկման փուլում է հարցը։

«Վանաձորում ու Գյումրիում ցուցակը գլխավորողների առումով դեռ որոշում չունենք, քննարկումների ակտիվ փուլում ենք։ Ցուցակների ձեւավորումը տեղի է ունենալու տեղական կառույցների հետ քննարկումների արդյունքում»։

«Քաղաքացիական  պայմանագիրը» կմասնակցի նաեւ Կապանի քաղաքապետի ընտրություններին։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են նաեւ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ իր նորաստեղծ «Գյումրեցու ոգի» կուսակցությունով։

Նախնական տեղեկություններով՝ ՀՀԿ-ն  կներկայան սեփական թեկնածուվ եւ ցուցակով, բայց  հետո կսատարի Բալասանյանի թեկնածությունը։ Նախնական սցենարով՝  Սամվել Բալասյանը կմասնակցի սեփական ցուցակով, սակայն ընտրություներից հետո, երբ ավագանին պետք է առաջադրի քաղաքապետի թեկնածուին, ՀՀԿ-ն եւ «Գյումրեցու ոգին» Սամվել Բալասանին կներկայացնեն որպես միասնական թեկնածու։