Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր մրցանակին արժանացել է Քրիստինա Մուրադյանը Երեւանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցից: Աշոտ Մկրյանը թիվ 2 ավագ դպրոցից զբաղեցրել է երկրորդ, իսկ Արփինե Մուշեղյանը Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցից՝ երրորդ տեղը:
Կրտսերների խմբում հաղթող ճանաչվեց Աշխեն Պետրոսյանը թիվ 107 միջնակարգ դպրոցից: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած Անահիտ Նալթակյանը (թիվ 87 միջնակարգ դպրոց), եւ Գոհար Առաքելյանը (թիվ 190 ավագ դպրոց) արժանացան խրախուսական մրացնակների` գրականության տեսքով:
Օլիմպիադայում հաղթած պատանիներն ու նրանց ուսուցիչները պարգեւատրվեցին համակարգիչներով ու պլանշետներով: Մրցանակները սահմանել էր «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը:
Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը, խրախուսել ուսուցումը: Այն շարունակական բնույթ է կրում, եւ առաջիկայում նախատեսվում են նաեւ ուխտագցություններ, հայագիտական ճամբար, ինտելեկտուալ խաղեր ուսուցիչների ու աշակերտների համար:
Միջոցառման ընթացքում Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի սաները գրաբարով ներկայացրին Փ. Բյուզադի «Հայոց պատմությունից» մի հատված: Ապա՝ Ս. Ներսես Շնորհալու հանելուկներով ստուգեցին հանդիսատեսի գրաբարյան գիտելիքները: Պատասխանները կռահող բոլոր պատանիներն արժանացան նվերների: Ուսուցչուհի Գայանե Սարգսյանը, շնորհակալության հայտնելով եւ ընդգծելով ծրագրի կարեւորությունը, խոսեց «Գրաբարյան օրեր» ծրագրր մասին, որից ոգեւորված 2015թ. սեպտեմբերից գրաբարը պարտադիր դասավանդվում է իրենց դպրոցում:
Երախտիքի խոսք ասաց նաեւ Երեւանի Գ. Գուլբենկյանի թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Լուիզա Սարգսյանը:
Առաջնորդարանի նախասրահում Երեւանի թիվ 87 դպրոցի վեցերորդ դասարանցիները ցուցադրում էին իրենց ձեռքի աշխատանքները. նրանք փորձել էին Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» արտագրել՝ ծաղկելով եւ նկարազարդելով: Պատանիներն աշխատանքը կատարել էին իրենց հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Պետրոսյանի հանձնարարությամբ:

































