ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մայրը պնդում է, որ իր տղան ծառայության համար ոչ պիտանի է եղել եւ այդ մասին իմանալով՝ նրան զորակոչել են բանակ. «Կամիսիա անցնելուց գեներալն ասաց՝ քեզ տանենք ինչ անենք, քաշն էլ չի հերիքում, երիկամների հետ խնդիր ունի, մյուսն էլ ասաց՝  դե լավ տղա ջան, քեզ բարի ծառայություն, գնա ծառայի: Ես իրանց ասացի՝ վաղը, եթե իմ տղայի հետ մի բան լինի՝ ինձ պատասխան կտաք, ասացին՝ ինքը ոչ առաջինն ա, ոչ էլ վերջինն ա: Իմ տղան իսկապես երիկամների հետ խնդիր ուներ՝ տակը չիշիկ էր անում, քաշը քիչ էր, մտածում էր՝ ոնց է ծառայելու»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անժելան:

Տիկին Անժելան նշեց, որ մայիսի 9-ին, երբ Սուրենի հետ հեռախոսով զրուցել են, Սուրենն ասել է, որ եթե ինքը մահանա՝ իր համար չլացեն, թող ուրախ լինեն, որ հայրենիքի հանդեպ պարտքը կատարած է հեռանում աշխարհից.

«Ասում էր, մամ ես պետք է կռվեմ, հասնեմ մինչեւ Բաքու, որովհետեւ իմ հետեւում դուք եք, ես պետք է ձեզ պաշտպանեմ, իմ հայրենիքը պաշտպանեմ: Հայերը որ թուրքից չպաշտպանվեն, էլ ով պետք է պաշտպանի մեզ: Ասում էր՝ մամ, եթե ես հետ գամ՝ կսպանեն ինձ, իսկ եթե առաջ՝ կպաշտպանեմ Հայաստանը: Ես էլ ասացի, որ զգույշ լինի, ասի՝ մի ընկի թուրքերի կրակի տակ: Իմ հիվանդ երեխուն տարան, բայց այդ հիվանդ երեխան իր պարտքը մինչեւ վերջ տվել ա հայրենիքին»,-ասաց նա:

Տիկին Անժելան ասաց, որ Սուրենին երկու ամիս պահել են դիրքերում եւ այժմ, ոչ մեկից չի կարողանում պատասխան ստանալ՝ ինչու. «Բացի այդ իմ տղային հանել են դիրքեր եւ այնտեղ պահել 2 ամիս: Նրա հրամանատարներից Իգորի հետ եմ խոսել, ասել եմ՝ ինչու եք իմ երեխուն 2 ամիս դիրքերում պահել, ոնց է լողանում, մնում այդտեղ, ինքն ինձ ասաց՝ մի անհանգստացի, ինքը լողանում է, ասաց՝ ես Սուրենին իմ տղայի պես եմ պահում: Ես էլ ասացի՝ տղայիս քեզանից եմ ուզելու: Թե իմ երեխան էդ երկու ամիսը դիքերից ինչի չիջավ, էդ հարցի պատասխանն ինձ ոչ մեկը չտվեց»:

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա  ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: