Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8-ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Ռազմիկ Ավետիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Սոնան, նշեց, որ եղբայրն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ սրտի լուրջ խնդիրներով. «Լուրջ խնդիրներ ունի սրտի հետ կապված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում էր էդ վիճակով՝ փակի տակ, ու հիմա հասել է էն վիճակին, որ կյանքին վտանգ է սպառնում: Մենք առաջին օրվանից ասել ենք, որ ինքը սրտի  լուրջ խնդիրներ ունի եւ չի կարող մնալ փակի տակ»:

Տիկին Սոնան նշեց, որ իր եղբորը շտապ վիրահատություն է հարկավոր եւ լուրջ բուժօգնություն, հակառակ դեպքում, եղբոր կյանքը վտանգի տակ է.

«Ամեն րոպե սիրտը կարող է կանգ առնել, կյանքը վտանգի տակ է: ՔԿՀ-ից փետրվարի 19-ին «Աստղիկ» հիվանդանոց են տեղափոխել, զոնդավորելուց հետո հայտնաբերվել են մի շարք խնդիրներ: Բացի այդ  10 տարի առաջ սուր ինֆարկտ է տարել եւ մոտն առաջացել է իշեմիա հիվանդություն եւ  փակի տակ մնալով՝ հասել է ահավոր վիճակի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։

Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: