Հայաստանի տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ հունիսի 10-ը ներառյալ:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես եւ կանխատեսվել էր, Սեւ ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր՝ հունիսի 4-ին,  հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն եւ հորդառատ անձրեւներ:

Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչեւ հունիսի 10-ը ներառյալ, որի հետեւանքով հատկապես կեսօրից հետո եւ գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:

Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետեւանքով կմեծանա եւ անձրեւների ինտենսիվությունը եւ տեւողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով: