Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հունիսի 3-ին մասամբ ստացել են դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Սաշիկը: Նրա խոսքով՝ խաղողագործներին գումարը տրվել է Քաղցրաշենի գյուղապետարանում՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի եւ նրա տեղակալների ներկայությամբ:
«Կան խաղողագործներ, որ դեռ չեն տվել իրենց գումարը, հերթով տալիս են ու դեռ իրենց հերթը չի հասել, խոստացել են, որ տալու են»,-ասաց Սաշիկը:
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:
Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:




























