Մայիսի 16-ին Ուկրաինայի Լվով քաղաքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպից 2 շաբաթ անց կողմերը հաշտվել են եւ պայմանավորվել հետ վերցնել բողոքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լվովի հայկական համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը:
«Երկու կողմերի համայնքների ղեկավարները կրկին հանդիպել են եւ վերջնականապես պայմանավորվել հաշտվել եւ հետ վերցնել բողոքները: Այժմ այդ գործընթացն է կատարվում»,- ասաց Նիկոլայ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել է նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:
Նշենք, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:
Մայիսի 16-ին, ըստ լրատվամիջոցների, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում:
Բախումներից հետո իրավիճակը Լվովում բավականին լարված էր:





























