Սոցիալ դեմոկրատական կուսակցության ( ՍԴԿ) ներկայացուցիչ Գաբրիելա Ֆիրյան դարձել է Ռումինիայի մայրաքաղաքի նոր քաղաքապետը: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական բյուրոն, որը հունիսի 6-ին հրապարակել է նախօրեին Ռումինիայում անցած իշխանության տեղական մարմինների ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆիրյան հավաքել է ձայների 45.51 տոկոսը, մինչդեռ մեկ այլ թեկնածու՝ Նիկուշոր Դանը (Բուխարեստի փրկութան միություն)՝ 27.52 տոկոսը: ՍԴԿ-ն հաղթել է Բուխարեստի վեց շրջանային քաղաքապետարաններից հինգում: Միայն մեկ շրջանում է սոցիալ դեմոկրատների թեկնածուին նվազագույն տարբերությամբ գերազանցել «Բուխարեստի փրկության միության» թեկնածու Կլոտիլդ Արմանը ( ֆրանսուհի, որը ամուսնացել է ռումինացու հետ ու ստացել Ռումինիայի քաղաքացիություն):
Բայցեւայնպես ընդհանուր ընտրությունների կտրվածքով սոցիալ դեմոկրատների հաղթանակը կասկածից վեր է: Հաղթողները շնորհակալություն են հայտնել Բուխարեստի բնակիչներին ու շեշտել, որ տեղական իշխանությունները կարեւոր են աշնանը ծրագրված խոհրդարանական ընտրությունների արդյունքների կանխատեսման տեսակետից:
Փորձագետները արձանագրում են սոցիալ դեմոկրատների հաղթանակն ու նրանց հիմնական մրցակցի՝ Ազգային լիբերալ կուսակցության պարտությունը: Նշում են նաեւ քաղաքական ասպարեզում նոր քաղաքական ուժի՝ «Բուխարեստի փրկության միության» հայտնությունը, որի առաջնորդները մտադիր են դրա գործունեությունը երկրով մեկ տարածել,վերանվանելով այն «Ռումինիայի փրկության միության»:
Կիրակի կայացած ընտրություններին մասնակցել է ընտրազանգվածի կեսից քիչը՝ 48.43 տոկոսը: Բուխարեստում մասնակցությունն ամենացածրն է եղել՝ 33 տոկոս: Մշտական ընտրական աշխատակազմի ղեկավար Անա Մարիա Պետրուի խոսքով «ընտրական գործընթացը թափանցիկ ու հիմնականում առանց խախտումների է եղել»:





























