Իտալիայի չորս խոշորագույն քաղաքներում` Հռոմում, Միլանում, Նեապոլում, եւ Թուրինում, որտեղ կիրակի քաղաքապետերի ընտրություններ են տեղի ունեցել, թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ չի հավաքել, վկայում են երկրի ՆԳՆ-ի հրապարակած տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերոհիշյալ քաղաքներում քվեարկությունից բացի, մասնակի վարչական ընտրությունները, որոնց ընթացքում բնակիչները նոր քաղաքապետերի եւ քաղաքային խորհուրդների անդամների են ընտրել, տեղի են ունեցել երկրի ավելի քան 1300 քաղաքային տարածքում: Վերջնական մասնակցությունը 62,14 տոկոս է կազմել:
Իտալական օրենսդրության համաձայն, առաջին փուլում քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, սակայն Հռոմում, որտեղ աթոռի համար ի սկզբանե 13 մարդ էր պայքարում, ձայների ավելի քան 86,5 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը Վիրջինիա Ռաջիիի «5 աստղի շարժում» ընդդիմադիր շարժումն է ձայների 35,46 տոկոսով: Երկրորդ տեղում ազգային խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոբերտո Ջակետտին է Դեմոկրատական կուսակցությունից` ձայների 24,75 տոկոսով:
Միլանում ընտրաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը ձախ ցենտրիստական ուժերի ներկայացուցիչ Ջուզեպպե Սալան է, որին աջակցել է ընտրողների 41,67 տոկոսը, նրանից մի փոքր հետ է մնում Ստեֆանո Պարիզին (40,82 տոկոս) աջ ցենտրիստական ուժերից:
Նեապոլում վստահորեն առաջին տեղում է գործող քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը, որը ընտրաթերթիկների 81,15 տոկոսի հաշվարկից հետո 42,38 տոկոս է հավաքում: Ընտրությունների երկրորդ փուլում, ինչպես եւ 2011-ին նրա մրցակիցը կդառնա Ջովաննի Լետտերին աջ ցենտրիստական կոալիցիայից, որի օգտին իր ձայնը տվել է նեապոլիտանացիների գրեթե 24 տոկոսը:
Թուրինում, որտեղ հաշվվել է ընտրաթերթիկների 95,75 տոկոսը, առաջատարը դարձյալ գործող քաղաքապետն է, Պյերո Ֆասսինոյի գլխավորած ձախ ցենտրիստական կոալիցիայի ներկայացուցիչը Դեմոկրատական կուսակցությունից (41,89 տոկոս), երկրորդ տեղում «5 աստղի շարժման» ներկայացուցիչ Կյարա Ապպենդինոն է, որը ձայների 30,82 տոկոսն է հավաքում:
Մեկնաբանելով Հռոմում եւ Թուրինում քվեարկության արդյունքները, «5 աստղի շարժման» հիմնադիր, հանրահայտ բլոգեր եւ հումորիստ Բեպպե Գրիլլոն դրանք «պատմական արդյունք» է կոչել: «5 աստղերի շարժում» շարժումն առաջանում է դանդաղ, բայց անշեղորեն: Մենք ամեն ինչ կփոխենք», — գրել է նա:
Բացի այդ, առաջին փուլում չի հաջողվել քաղաքապետ ընտրել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բոլոնյան եւ Տրիեստը: Միայն Սարդինիայի գլխավոր քաղաքում` Կալյարիում, նոր քաղաքապետը որոշվել է տեղի ունեցած քվեարկության արդյունքում. իր պաշտոնը պահպանել է գործող քաղաքապետ Մասսիմո Ձեդդան, որը ձայների ավելի քան 51 տոկոսն է հավաքել: Վարչական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 19-ին` Ապենիններում:





























