Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով այսօր՝ հունիսի 6-ին, տուժողի իրավահաջորդի նոր ներկայացուցիչ ներգրավվեց, մինչեւ այժմ իրավահաջորդի շահերը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանը հրաժարվեց իր լիազորություններից:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ նոր ներկայացուցիչ է ընդգրկվել, ես հրաժարվում եմ այս գործով դատական նիստերին մասնակցելուց: Ոչ մի խնդիր չունեմ ոչ տուժողի իրավահաջորդի, ոչ նոր ներկայացուցչի հետ, պարզապես չեմ ցանկանում մանրամասնել պատճառները»,- նշեց Գարիկ Գալիկյանը:
Տուժողի իրավահաջորդը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ ինքը դեմ է, որ Գարիկ Գալիկյանն այլեւս չներկայացնի իր շահերը:
Դատարանը որոշեց ժամանակ տրմաադրել, որ հարցը տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչը նորից քննարկեն՝ փաստաբանին թույլ տալով չմասնակցել այս դատական նիստին:
Նիստը շարունակվում է Գարիկ Գալիկյանի բացակայությամբ, իրավահաջորդի մյուս ներկայացուցիչն է փաստաբան Անի Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:






























