Անանուն լրատվամիջոցների դեմ պայքարել հնարավոր է, եթե պետական մակարդակով համացանցում արգելափակումներ մտցվեն, սակայն այս լուծումը ոչ ոքի դուր չի գա: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հունիսի 2-ին Հայաստանում գործող տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարների այն հայտարարությանը, թե որպես առցանց լրատվամիջոց հանդես եկողների «մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքներից»։

«Մի քանի ամիս անց այս ամենը կդառնա լեգիտիմ գրաքննության, խոսքի ազատության ճնշման համար ստեղծված գործիք: Այնպես որ, ըստ իս, այս ճանապարհը մեզ համար չէ: Փորձը ցույց է տալիս, որ նաեւ միշտ չէ հնարավոր պարզել, թե ով է կանգնած տվյալ լրատվամիջոցի հետեւում, հատկապես որ շատ հաճախ գրանցվում են ոչ հայկական տիրույթում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի, մեխանիկական լուծումների ժամանակն անցել է, մնում միայն մեկ տարբերակ. լրագրողական համայնքը սկսի կամաց- կամաց սովորեցնել, կրթել հասարակությանը, թե որ լրատվամիջոցներից օգտվել. «Ինքնակարգավորման մեթոդներն ավելի աշխատող է, հատկապես որ լրագրողական համայնքը շատ ուժեղ է եւ կարող է իր առջեւ խնդիր դնել՝ մարդկանց կրթել, սովորեցնել, թե որ աղբյուրներից օգտվել: Այլ լուծում ես չեմ տեսնում»:

Փորձագետը հիշեցրեց, որ ոչ միշտ են անանուն լրատվամիջոցներ ստեղծվում չար մտադրություններով: Ինչ վերաբերում է պետական գրանցմանը, ապա ըստ Սամվել Մարտիրոսյանի, անանուն լրատվամիջոցները չեն էլ պահանջում հավատարմագրում, քանի որ պետական կառույցների տրամադրած տեղեկատվության մեծ մասը բաց է. «Պետական գրանցումը նշանակում է հավատարմագրում, իսկ հավատարմագրման պահանջ այդ անանուն լրատվամիջոցները չունեն էլ: Իհարկե, կարելի է կոշտացնել այդ գրանցումը, սակայն դա հարցի լուծում չէ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների 15 ղեկավարներ («Ազգ» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ (նաեւ Aravot.am), «168 ժամ» թերթ (նաեւ 168.am), «Ժամանակ» օրաթերթ (նաեւ 1in.am), «Ժողովուրդ» օրաթերթ (նաեւ ArmLur.am), <Իրատես» թերթ (նաեւ irates.am), «Հայկական ժամանակ» օրաթերթ ( նաեւ armtimes.com), «Հրապարակ» օրաթերթ (նաեւ Hraparak.am), «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն» թերթ (նաեւ chi.am), yerkir.am, panorama.am, A1plus.am, «Հետք») մասնավորապես պահանջում են

1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։

3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաեւ հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր եւս կիրականացվեն։