Երեւանում, այսօր՝ հունիսի 6-ին, հայ մեծագույն կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկել է նրա անվան երաժշտական միջազգային մրցույթը:

Մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ։ Ամեն տարի մրցույթն անցկացվում է երաժշտական տարբեր մասնագիտությունների շրջանակներում, այս անգամ մրցույթին մասնակցելու են միայն դիրիժորներ։

Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, որոնք հունիսի 6-14- ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Խաչատրյանական մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվելում է ՀՀ մախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: