Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների եւ տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի եւ ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը եւ ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը: 

Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջեւ համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը եւ ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը: