Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագիրը բավականին առողջ համաձայնագիր է, չպետք է հիմնվել թռուցիկ հայտարարությունների վրա: Այս մասին այսօր` հունիսի 6-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դա բավականին առողջ համաձայնագիր է, մենք դրանից կօգտվենք, բացի օգուտից վնաս չի լինի: Երբ որ քննարկումները կսկսվեն, դուք քննարկումների ժամանակ մանրամասն կտեղեկանաք դրա մասին»,-ասել է Բաղդասարյանը:

Անդրադառնալով այն վերլուծություններին, որ դա վտանգավոր համաձայնագիր է, քանի որ ռազմական գործողությունների ժամանակ սպառնացող վտանգները չեզոքացնելու դեպքում պետք է որոշում կայացվի միայն Ռուսաստանի հետ քննարկելուց հետո, Բաղդասարյանն ասաց. «Ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն ինքն է որոշում իր ճակատագիրը, խնդրում եմ մասնագետների կարծիքը լսել, երբ Ազգային ժողովում կսկսվեն քննարկումները»:

«Կան քաղաքական շահեր, որոնց,բնականաբար, պետք է ուշադիր հետեւենք եւ որեւէ երկրից մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք: Բազմիցս ասել ենք, որ մեր հույսը միշտ պետք է դնենք մեզ վրա, սակայն պետք է աշխատենք տարբեր համաձայնագրերի շրջանակներում համագործակցել տարբեր երկրների հետ: Միաժամանակ հորդորում ենք բոլոր երկրներին, որ ցանկացած համաձայնագրի շրջանակներում նրանք նույնպես հավատարի մնան իրենց ստորագրությանը»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով՝. «Այն, ինչ պահանջվում էր մեր դիվանագիտական կորպուսից, մենք կատարել ու կատարում ենք, եւ մեր դիվիդենտները լուրջ են, եթե այս հանդիպումները վերածվի բանակցությունների, ապա մենք լուրջ դիվիդենտներ կօգտագործենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառել, որ ՀՕՊ միասնական համակարգի միանալուց հետո ՀՀ-ում կհայտնվեն 200 միլիոն դոլար վարկի դիմաց ՀՀ-ին տրամադրվող ռազմամթերքը. «Ցանկալի չէ, որ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքը: