Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտները, որ մեղադրվում են կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ, իշխող դիրք են ունեցել ծառայակիցների շրջանում: Այս մասին ասվում է այն ժամանակ ինստիտուտի կուրսանտ Տիգրան Դեմիրճյանի նախաքննական ցուցմունքում, որն այսօր՝ հունվարի 6-ին ընթերցվեց Ավան եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
«Իրենք մեր մարտկոցի հարց լուծողներն էին: Մոսոն Վաչեի տասովչիկն էր: Վաչեի ծնունդն էր հունվարի 24-ին, Մոսոն դրամահավաք էր կազմակերպել, ծնունդին նվեր էր առել»,- ասել է Տիգրան Դեմիրճյանը:
Կուրսանտը նշել է, որ Հայկազը բոլոր ծառայակիցների հետ լավ հարաբերությունների մեջ էր բացի այդ 4-ից:
Տիգրան Դեմիրճյանն իր ցուցմունքում նաեւ հաստատել է, որ Գնել Թեւոսյանը, որի հայրը այն ժամանակ ինստիտուտի պետի տեղակալն է եղել, աշխատանքային օրերին տուն է գնացել:
«Ցածր առաջադիմություն ունեցողներին չի թույլատրվում շաբաթ-կիրակի օրերին տուն գնալ, ինքը այդ օրերին նույնպես գնում էր»,- ասել է Տիգրան Դեմիրճյանը:
Նշենք, որ դատական նիստին ընթերցվում է նախորդ նիստին հարցաքննված Տիգրան Դեմիրճյանի ցուցմունքը, քանի որ պաշտպանները նշել են, որ հակասություններ են առկա նրա դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում:
Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Տիգրան Դեմիրճյանը պատմել է, որ որ դեպքի ժամանակ նույն սենյակում է եղել, վախեցեցած է եղել, չի միջամտել, որ իր հետ էլ նույնը չանեն: Նա պատմել է, որ լսածներից հասկացել է, որ կուրսանտները ծեծում են Հայկազին, նրա ձայներն է լսել: Նա պատմել է, որ կուրսանտները որոշել են ինքնասպանություն ձեւակերպել տեղի ունեցածը, գրություն են թողել Հայկազի անունից, նրան քարշ տալով տարել են սենյակից:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























