Հայաստանում կան մենաշնորհներ, որոնք երկու տեսակի են՝ բնական մենաշնորհներ, որոնք անխուսափելի են, եւ կան նաեւ մենաշնորհներ, որոնք կապված են շուկային փոքրության հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակված Մանվել Բադեյանը:

«Բաշխիչ ցանցերը չեն կարող մենաշնորհային չլինեն, գազը չի կարող մենաշնորհային չլինել, սրանք բնական մենաշնորհներ են: Կան նաեւ ապրանքախմբեր, որոնց մեծաքանակ ձեռքբերումը հնարավորություն է տալիս շուկայում ունենալ մրցակցային առավելություններ: Օրինակ՝ շաքարավազի ներկրումը չի կարող չլինել մենաշնորհ, որովհետեւ եթե մեկը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող պարկերով մրցակցել: Բայց սա չի նշանակում, որ պետությունն անելիք չունի ցանկացած մենաշնորհի դեպքում»:

Բադեյանի խոսքով, ցանկացած մենաշնորհ չարիք է եւ պետությունը պետք է պայքարի մենաշնորհների դեմ. «Պետությունը պետք է կարգավորի մենաշնորհի աշխատանքի ընթացքը՝ մտցնելով տարբեր տեսակի սահմանափակումներ եւ պարտավորություններ. օրինակ՝ սահմանափակում շահութաբերության կամ գնի վրա»:

Անդրադառնալով կոնկրետ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որին պատկանող ընկերությունը շաքարի ներկրման ոլորտում մենաշնորհային դիրք ունի, Բադեյանն ասաց. «Ես ասում եմ պետք է սահմանափակել նրա առանց այն էլ արտոնյալ վիճակը: Դա մենաշնորհ է, այսպես, թե այնպես, նրա հետ մրցակցելը շատ դժվար է: Որեւէ քաղաքացի չի կարող մրցակցել նրա հետ բաց մրցակցության պայմաններում, դրա համար էլ պետք է դնել սահմանափակումներ, որպեսզի այդ ոլորտով զբաղվելն ավելի շահութաբեր չլինի, քան մրցակցային ոլորտներով զբաղվելը: Ամեն տեղ էլ կան մենաշնորհներ, բայց դա չի նշանակում, որ պետությունն անելիք չունի, պետությունը պետք է գործի»: