Որոշ կուսակցություններ ու կազմակերպություններ ուզում են Հայաստանը պոկել Ռուսաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին ամիսներին քաղաքական որոշ կուսակցությունների ու քաղաքական գործիչների կողմից հնչում են հայտարարություններ Հայաստանը ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազան հանելու կապակցությամբ:

Ներկայացվում են տարբեր պատճառներ հասարակությանը մոլորեցնելու, հակառուսական տրամադրություններ սերմանելու, որը շատ է նմանվում Ուկրաինայում բեմադրված քաղաքական սցենարին, որի հեղինակն ու բեմադրողը ԱՄՆ-ը եւ եվրոպական որոշ երկրներ են, իսկ այստեղ կատարողները` նրանց կողմից ֆինանսավորվող եւ նրանցից սնվող գրանտակեր կազմակերպություններն ու կուսակցությունները, որոնց նպատակը մեկն է` Հայաստանը պոկել Ռուսաստանից:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դիմում է իշխանություններին` ցանկացած հակառուսական եւ հայ ժողովրդի շահերից չբխող փաստաթուղթ մերժելու, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում նշանակում է հայ ժողովրդի անվտանգության երաշխիքների բացակայություն:

ՀԿԿ-ն հայտարարում է, որ այն քաղաքական կուսակցությունները, այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են ստեղծել հակառուսական տրամադրություններ, ովքեր փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են: Կոչ ենք անում հայ ժողովրդին` լինել զգոն, չենթարկվել սադրանքների, արժանի հակահարված տալ ապազգային այդպիսի ուժերին, քանի որ հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը հանդիսանում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Մի մոռացեք հայ ժողովրդի դարավոր պատմությունը, ականջալուր եղեք մեր մեծերի պատգամներին:

Զորավար Անդրանիկը ասել է. «Արեք, ինչ ուզում եք, սակայն միք փակի Ռուսաստանի դռները մեր առաջ: Մենք առանց այն էլ շատ թշնամիներ ունենք: Ռուսաստանին եւս մեզ թշնամի միք  դարձնի: Առիթ միք տա, որ կովկասահայերը եւս արժանանան թուրքահայերի բախտին»: