Եթե չունես ավելի լավ համակարգ, պիտի ուժեղացնես այն, ինչ ունես: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրին:

«Հիմա մենք եղածից էլ դժգոհություններ ունենք, եւ հիմնավոր են որոշ մտահոգություններ, որոնք կան ապրիլյան իրադարձություններից հետո: Այդ ամենը մենք կիսում ենք, բայց պետք չի ընկնել մյուս ծայրահեղության դեմ: Ովքեր ասում են՝ դեմ են, ավելի լավ առաջակ ունե՞ն, և մենք դա չենք քննարկել և այդ պատճառո՞վ են իրենք ասում, որ սխալ ենք: Կարծում եմ՝ մենք այսօր չունենք ուրիշ այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ ՀՕՊ-ը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային խնդրի լուծում, իսկ Հայաստանը պատերազմ ունի ոչ միայն մեկ սահմանում. «Կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է և սպառնալիք է ներկայացնում, դաշտային թուրքական բանակը, որը տեղակայված է Նախիջևանի տարածքում է, այսինքն՝  ի՞նչ անենք, եղածը զրոյացնե՞նք եւ պատերազմական վիճակում ավելի լավ լուծո՞ւմ ենք ունենալու: Այդ հայտարարությունները պետք է տրամաբանված լինեն, անհետևանք, անպատասխանատու հայտարարություններ անելը մեր շահերից չի բխում»:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքը: