ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպումը կկայանա Հայաստանում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը մասնակցել է Կիեւում կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հերթական հանդիպումն արտահերթ կարգով անցկացնել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի լրանում է Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25 տարին: Քննարկումների արդյունքում նշված առաջարկը հավանության արժանացավ անդամ երկրների կողմից եւ որոշում ընդունվեց հաջորդ տարվա հանդիպումն անցկացնել Հայաստանում՝ 2017 թվականի հունիսին, որը նախապես պլանավորված էր անցկացնել Խորվաթիայում:

Նշենք, որ ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան,  Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո): Ենթախումբը նախագահում է գործադիր տնօրեն Մեննո Սնելը, որն անդամ երկրների շահերը ներկայցնում է ԱՄՀ գործադիր խորհրդում: 

Ենթախմբերի երկրների հանդիպումները տարեկան կտրվածքով կազմակերպվող կարեւոր իրադարձություններ են, որոնց մասնակցում են եվրոպական եւ գլոբալ ֆինանսական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ առաջատար փորձագետներ: