Արցախում ապրիլին 2 ոտքը կորցրած 19-ամյա Դավիթ Գրիգորյանն անհամբերությամբ սպասում է, թե երբ կարող է նորից քայլել: Մոտ ապագայում, երբ վերքերն ամբողջովին լավանան, նրա երկու ոտքն էլ կպրոթեզավորեն, եւ դրանց շնորհիվ, բժիշկների խոսքով, Դավիթը կկարողանա քայլել:

Դավիթը վիրավորվել էր Թալիշ գյուղում զինվորական ծառայության ժամանակ: Մարտակերտի հոսպիտալում նրա 2 ոտքն էլ անդամահատել էին, որից հետո տեղափոխել էին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Երեւան, որտեղ նա շարունակել էր բուժումը:

Դավիթի մայրը, Արմենուհին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ հիմա տղան իրեն լավ է զգում եւ մարտական է տրամադրված: Նրա բոլոր մտքերը զբաղված են առաջիկա պրոթեզավորմամբ, եւ նա հույս ունի շուտով ոտքի կանգնել: Պրոթեզավորումից առաջ նրա վերքերը պետք է ամբողջովին ապաքինվեն, իսկ դրա համար, բժիշկների գնահատմամբ, ժամանակ է պետք՝ 15-20 օր:

Վերջերս Դավիթը դուրս է գրվել հոսպիտալից եւ վերադարձել տուն՝ հայրենի Ոսկեւան գյուղ, որտեղ շարունակում է բուժումը. հարազատներն իրենք են մշակում վերքերը: Վերջին ժամանակներս, երբ եղանակը կտրուկ փոխվում է, եւ շատ խոնավ է լինում, Դավիթին տանջում են ոտքի ցավերը: Բժիշկների խոսքով՝ այդ ցավերը, որոնք բնորոշվում են որպես «եղանակային կախվածություն», նրան կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:

Մինչ Դավիթը տրամադրվում է առաջիկա պրոթեզավորմանը եւ նրան, որ ինքը փաստացի ստիպված է լինելու նորից քայլել սովորել, նրա հարազատները մտածում են այն մասին, թե ինչպես տունն ավելի հարմարավետ դարձնեն նրա համար: Հիմա Դավիթը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, որը դժվարությամբ է անցնում դռների արանքով: Նրա կյանքը մի փոքր թեթեւացնելու համար տան բոլոր դռները պետք է փոխել, իսկ դրանց բացվածքի լայնությունը՝ մեծացնել: Իսկ դա մեծ ծախսերի հետ է կապված, ինչն ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ:

Անգամ այն բանից հետո, երբ Դավիթին պրոթեզավորեն, սայլակի  անհրաժեշտությունը, միեւնույնն է, կլինի, քանի որ Դավիթին անհրաժեշտ կլինի նաեւ հանել պրոթեզները եւ տեղաշարժվել սայլակով: Այդ պատճառով դռների բացվածքը լայնացնելը ոչ թե ժամանակավոր միջոց է, այլ անհրաժեշտություն:

Նշենք, որ Դավիթին պրոթեզավորելու է հայտնի բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը, որն արդեն պրոթեզավորել է մյուս վիրավոր զինծառայող Արման Ավետիսյանին: Արմանն արդեն վարժվել է պրոթեզին եւ սովորում է դրանով քայլել: Ընտանիքի հետ կապ պահպանող Արմենուհին հայտնեց, որ նրա մոտ դա լավ է ստացվում: Ավելին՝ Արմանն անգամ փորձում է հեծանիվ քշել:

Ցանկացողները կարող են օգնել՝ գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին:
ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
AMD 220151812629000
EUR 220151630070002
RUR 220151630203958
USD 220151633553001 
Ստացող՝ Արմենուհի Հակոբյան