Պետք է ավելի արդիականացնենք մեր հակաօդային պաշտպանության ռազմատեխնիկան, իսկ Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանությունը ավելի անվտանգ կդարձնի մեր օդային տարածքները: Այսօր այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն` անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրին:

«Պետք է ավելի արդիականացնենք մեր հակաօդային պաշտպանության ռազմատեխնիկան: ՀԱՊԿ շրջանակներում համատեղ պայմանագիր է իրականացվում արագ արձագանքման համար: Խնդրեմ, Թուրքիայի հետ մեր ցամաքային տարածքների սահմանների անվտանգությունը իրականացվում է հայ-ռուսական զորքերի հետ համատեղ»,-ասաց պատգամավորը:

Ըստ նրա` տարբերություն չկա` ցամաքային հարձակման դեպքում համատեղ կլինի պաշտպանությունը, թե օդային: «Ինձ թվում է` նույնն է, չէ՞, ցամաք, թե օդային համատեղ պաշտպանություն…. ես համարում եմ դրական համաձայնագիր է»,-նշեց նա:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքը: