Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված Արթուր Գեւորգյանը գոհ չէ գործի նախաքննությունից: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը նշեց, որ դեպքի օրը ներկա եղած շուրջ 15 ոստիկաններ վախենում են, որ իրենց աշխատանքից կազատեն եւ սուտ ցուցմունքներ են տալիս` ասելով, որ ոստիկանապետն իրեն չի ծեծել:
«Ոստիկանները զապիս արած բոլորը գալիս են նույն բանն են ասում: Ոնց ոստիկանապետն է ասում, նույնն էլ դրանք են ասում: Քննչականի դիմաց ծառերի, պատի տակ ոստիկանապետը սովերցնում է` ինչ ասեն, ոնց ա եղել դեպքը: Բոլորն ասում են, որ ոստիկանապետն ինձ չի ծեծել, մի 15 հոգուց ավելի կլինեն ու զապիս զապիս արած նույն բանն են ասում: Ոստիկանները վախենում են, ասում են` որ ինքը հետ ա գալու ու իրենք վախենում են, որ իրենց աշխատանքից կազատի»,-ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ Արթուր Գեւորգյանի եւ Գորիսի ոստիկանապետի միջեւ առերեսում է եղել:
Հիշեցնենք, որ ըստ` ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:




























