Ես հարգանքով եմ մոտենում Սամվել Բաբայանին, որովհետեւ նրա անցած ճանապարհը, վաստակը պետք է գնահատել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է Սամվել Բաբայանին Ղարաբաղի ՊՆ-ում, Ռուստամյանը պատասխանել է. «Ինչ-որ պաշտոն ստանալու առումով խնդիրը պետք է լուծեն մարդիկ, որոնք այդ իրավասությունն ունեն՝ ԼՂՀ նախագահը, պաշտպանության նախարարը: Բայց ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարեւորությունը, նրա  ունեցած փորձն օգտագործելու անհրաժեշտություն: Ի՞նչ ձեւով դա կլինի... պարտադիր չի, որ անպայման պաշտոն ունենաս, որ այդ օգտակարությունն ունենաս: Այսօր Կոմանդոսը որտեղ էլ լինի, օգտակար է, ուզում եք պաշտոն տվեք, ուզում եք՝ մի տվեք: Նրա ցանկացած հայտարարություն օգտակար է»:

Նրա խոսքով, Իրքնը Սամվել Բաբայանին տեսնում է որպես փորձառու անձնավորություն: «Ամեն տեղ էլ կարող է աշխատել,օգտակար լինել»,-ընդգծեց նա: