Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ դեպքի օրը նույն սենյակում եղած կուրսանտ Տիգրան Դեմիրճյանը դեպքից հետո շատ շփոթված է եղել, այդ պատճառով նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքներում որոշ հակասություններ կան:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 6-ին, պաշտպանների՝ հակասությունների վերաբերյալ տված հարցերին Տիգրան Դեմիրճյանը պատասխանեց, որ շփոթված է եղել, դեպքից որոշ ժամանակ անց հիշել է, որ մանրամասներ կան, նախաքննական մարմնին չի հայտնել ու լրացրել է իր տված ցուցմունքը:
Մեղադրյալների պաշտպանյալները նշեցին, որ Տիգրան Դեմիրճյանը սկզբնական ցուցմունքում ասել է, որ չի տեսել Մովսես Ազարյանին ու Վաչե Սահակյանին սենյակում, իսկ հետո ասել է, թե նրանց նույնպես տեսել է:
«Նորիկի ու Գնելի համար եմ ասել լարված վիճակում գտնվելու պատճառով: Ես շփոթված էի, ինձ մեղավոր էի զգում»,- բացատրեց Տիգրան Դեմիրճյանը:
Նա այդ կերպ բացատրեց նաեւ այն փաստը, որ նախաքննական ցուցմունքներից մեկում ասել է՝ Հայկազը կաղալով էր գնում, մյուսում, որ նրան քարշ տալով են տարել: Պաշտպան Արա Զաքարյանը հարցրեց՝ հնարավո՞ր է՝ նախաքննական մարմնի կողմից ճնշումների հետեւանքն է, որ տարբեր բաներ է հայտնել տարբեր ցուցմունքների ժամանակ :
«Ձեր ցուցմունքում գրել եք՝ հասկացա, որ դուրս են գալիս, շրջվեցի ու տեսա, որ քայլում էր Հայկազը, իսկ Գնելն ու Նորայրը բռնել էին, որ չընկնի: Մի տեղ էլ գրել եք, որ տեսել եք, որ դեպքից առաջ Գնելն ու Նորիկը Հայկազին տարել են սենյակից ու բերել, հետո ասում եք, որ ինքն է եկել իր ոտքով: Նման հակասական ու անարժանահավատ ցուցմունք տալու պատճառն այն չէ՞, որ նախաքննական մարմնի կողմից ճնշում է գործադրվել»,- հարցրեց պաշտպանը:
Տիգրան Դեմիրճյանը բացատրեց, որ եղել է շփոթված ու լարված, այդ պատճառով է նման ցուցմունքներ տվել:
Տիգրան Դեմիրճյանի հարցաքննությունն ավարտվեց: Նշենք, որ նա ներգրավված է որպես տուժող իր ու մեղադրյալ Մովսես Ազարյանի մասնակցությամբ միջադեպով:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























