Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտի հայրը տպավորություն է ստացել, որ պաշտպանները հարցաքննության ժամանակ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել դեպքին ականատես կուրսանտ Տիգրան Դեմիրճյանի նկատմամբ:

«Ինձ մոտ նման տպավորություն է ստեղծվել, որ ճնշում էին: չնայած եթե դատարանը չի միջամտում, օրենքի սահմանում է ամեն ինչ»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ իր համար նույնպես տարօրինակ է Տիգրան Դեմիրճյանի ցուցմունքներում հակասությունների առկայության փաստը, բայց չի կարծում, թե դրանք անարժանահավատ են:

«Պիտի մի բան նկատի ունենալ, որ Տիգրանը նախորդի ժամանակ ասաց, որ հոգաբանական լուրջ տրավմա է ստացել, հոգեբանի է դիմել, բուժումը մեկ ամսի առաջ է վերջացել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ Տիգրան Դեմիրճյանը պատմել էր, որ դեպքի ժամանակ եղել է Հայկազ Բարսեղյանի սենյակում, վախեցեցած է եղել, չի միջամտել, որ իր հետ էլ նույնը չանեն: Նա պատմել է, որ լսածներից հասկացել է, որ կուրսանտները ծեծում են Հայկազին, նրա ձայներն է լսել: Նա պատմել է, որ կուրսանտները որոշել են ինքնասպանություն ձեւակերպել տեղի ունեցածը, գրություն են թողել Հայկազի անունից, նրան քարշ տալով տարել են սենյակից:

Նրա նախաքննական ցուցմունքներում որոշ հակասություններ կային, որոնք ընթերցվեցին դատական նիտին: Նա մի ցուցմունքում նշել էր, որ Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին չի տեսել սենյակում, մյուս նշել, որ տեսել է, մի ցուցմունքում գրել էր, որ Հայկազ Բարսեղյանը կաղալով, մի կերպ գնացել է, մյուս նշել, որ նրան քարշ տալով են տարել: Տիգրան Դեմիրճյանը հակասությունները բացատրեց նրանով, որ շփոթված է եղել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: