Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 7-ին, հավաքվել եւ հանդիպում են պահանջում Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուների հետ, եթե ոչ սպառնում են փակել Երևան-Գողթ ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում Գողթի բնակիչներից Վահրամը նշեց, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ հունիսի 3-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սույն թվականի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գողթ կժամանեն Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները եւ կպատասխանեն գողթեցիների հարցերին:
«Ասել են, որ նոր ծրագիր են ներկայացնելու, եթե բնակիչները համաձայն չլինեն այդ ծրագրին, թույլ չենք տա, որ այն իրականանա: Մենք այժմ Երեւան-Գողթ ճանապարհին ենք, մինչեւ 11-ը կսպասենք, մաքսիմում մինչեւ 12-ը, եթե ոչ մեկ չգա՝ կփակենք ճանապարհը»,- ասաց Վահրամ Սեդրակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։




























