Միջին գիտելիքներ ունեցող ցանկացած դիմորդ կարող է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել` առանց հատուկ պատրաստվածության: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Հասարակական լարվածություն այսօր չկա: Բայց նաեւ ունենք որոշակի ծրագրեր, որոնք պետք է հաջորդ քննական գործընթացում լուծել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով` պետք է տարանջատել պետական պատվերը, որտեղ ուշադրություն պետք է դարձնել սոցիալապես անապահով երեխաներին. նրանք պետք է առանձին մասնակցեն մրցույթի. «Մի զգալի հատված հնարավորություն չունի անգամ ուսանողական վարկ վերցնել: Նրանց համար պետք է պայմաններ ստեղծենք: Լարվածությունը բավականին կթոթափի»:
Նշենք, որ այսօր մեկնարկել է Հայոց լեզու եւ գրականություն առարկաների միասնական քննությունը:




























