Հունիսի 6-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, նախօրեին առեւանգված եւ ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի կնոջ` Դիաննա Մովսիսյանի հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա։

ԼՂՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առեւանգել եւ բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկ Խանումյանը հայտարարել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է: Նա նշել է, որ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը գրել և ստորագրել է, որ «երեկվա դեպքերը սխալ են եղել»: