«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ հունիսի 6-ին կատարված բռնությունը:

«Ժառանգության» տրածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ եւ ամբողջական ապաքինում:

«Ժառանգությունն» անընդունելի է համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ:

Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար եւ կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անհապաղ կբացահայտվեն եւ կստանան իրենց արժանի պատիժը»:

Նշենք, որ հունվարի 6-ին Հայկ Խանումյանին առեւանգել են եւ ծեծի ենթարկել: Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկ Խանումյանը հայտարարել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է: Նա նշել է, որ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը գրել և ստորագրել է, որ «երեկվա դեպքերը սխալ են եղել»: