Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 12:30-ից 12:45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 67 երթուղային ավտոբուսում առերեւույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է 2 բանկային քարտ, զեղչի քարտեր եւ կանխիկ գումար: Նույն օրը գողացված քարտով Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է գործարք՝ կանխիկացնելով զգալի չափի գումար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է Երեւանի Մ.Խորենացի փողոցում գտնվող բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է գողացված քարտով կանխիկացման գործարք կատարող տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: