Հայաստանի հակաօդային պաշտպանությունը բավականին լավ վիճակում  է, բայց հարկավոր է հակահրթիռային պաշտպանություն: Այս մասին այսօր` հունիսի 7-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Վովա Վարդանովը` անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության վերաբերյալ համատեղ համաձայնագրին:

«Մեր ՀՕՊ համակարգը բավականին լավն է, բայց ապրիլյան դեպքերի ժամանակ տեսանք, որ «Սմերչն» եկավ ընկավ Արցախում, դա նշանակում է, որ հակաօդային պաշտպանությունից բացի կարիք ունենք հակահրթիռային պաշտպանության: Ռուսաստանի հետ այս ոլորտում համագործակցելով` կկարողանանք ունենալ S400-ներ, որոնք բավականին մեծ տարածություն են կարողանում պաշտպանել: Սակայն, շատ վատ է, որ այդ պայմանագրով Հայաստանի ՀՕՊ համակարգը պատերազմի օրերին ռուսական գլխավոր հրամանատարությունն է իշխելու, չի բացառվում, որ ՀՕՊ համակարգը լինելով ռուսների ձեռքը, կարող է ժամանակին չարձագանքել վտանգներին»,-ասաց Վովա Վարդանովը` նշելով, որ անկախությունը հնարավոր է պահպանել` խելացիորեն հենվելով դաշնակցի վրա: 

Ազատամարտիկ, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ ցանկացած երկիր, որը խոսում է անկախությունից, առաջին հերթին պետք է ունենա  ռազմավարական անկախություն եւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրի կնքմամբ վտանգի տակ է դրվում Հայաստանի անկախությունը:

«Հիմա մեր երկիրը նման է մահճակալին գամված հիվանդի, որի թոքը միացված է մի վարդակի, սիրտը այլ, իսկ ուղեղի մասին խոսելն էլ դժվար է: Ցանկացած երկիր, եթե խոսում է անկախությունից, պետք է առաջին հերթին ռազմավարական անկախության մասին խոսի: Ապրիլյան դեպքերի ժամանակ տեսանք, որ ռուսներն ասացին` Արցախի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն, ՀԱՊԿ-ի շրջանակներում միայն Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունեն:  Ես դեմ չեմ ռուսներին, բայց ես մտածում եմ իմ երկրի անվտանգության մասին:  Ձեզ թվում է` պատերազմի ժամանակ ռուսը գալու է մեր շահերից բխող բանե՞ր անի: Երբ պատերազմ է, ես պետք է իրավունք ունենամ ինքնապաշտպանվելու, իսկ խաղաղ ժամանակ ո՞ւմ է պետք ՀՕՊ-ը»,-ասաց նա:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: