ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար, 2 կուրսանտի մեղադրանք է առաջադրվել։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 4-րդ կուրսի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երեւանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երեւան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվել է որպես տաքսի։ Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա, կանխիկ գումար, որից հետո նրան թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:
Ձորակապ գյուղի մոտակայքում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս են եկել ճանապարհի բանուկ մասից եւ տեղում թողնելով ավտոմեքենան՝ ոտքով շարունակել ճանապարհը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կուրսանտներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով եւ 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչ բավարարվել է։




























