Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2015-ին կրճատվել է 20 տոկոսով: Այս մասին հունիսի 7-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Այդ թվում՝ դոլարով արտահանումը կրճատվել է 3.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 26.5 տոկոսով:
Տնտեսության վրա բացասական ազդեցությունը պետությունը փորձել է նվազեցնել հարկաբյուջետային խթանող քաղաքականությամբ: Մասնավոր սեկտորում սպառումը կրճատվել է 8.9 տոկոսով, բայց պետական սեկտորում հաջողվել է այն մեծացնել: Դրա շնորհիվ ընդհանուր անկումը կազմել է միայն 6.5 տոկոս:
Նշենք, որ 2015-ին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 740.9 մլն դոլար կամ 20.6 տոկոսով ավելի քիչ, քան 2014-ին: Արտահանումը կազմել է 1 մլրդ 486.9 մլն, ներմուծումը՝ 3 մլրդ 254 մլն:



























