Ազգային ժողովի պատգամավորի եւ ընդհանարպես բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այսօր, հունիսի 7-ին, Փաստաբանների պալատում, լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին:

«Այդ առումով օպերատիվ հետեւում ենք մամուլին: Դեպքին արձագանքեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը: Այդտեղ իմ իրավասությունն ընդհանրապես չկա: Կարծում եմ՝ պարոն Մելիքյանն այս առումով հնարավորություն կունենա ձեր հարցերին պատասխանել»,-ասաց նա:

Թաթոյանը նշեց նաեւ, որ այս պահին կոնկրետ քննություն է ընթանում եւ իրավասությունների տարանջատման հարց էլ կա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին:

Նա ավելի ուշ հայտարարել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է: Նա նշել է, որ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը գրել եւ ստորագրել է, որ «երեկվա դեպքերը սխալ են եղել»:

Հայկ Խանումյանին առեւանգելու փաստով քրեական գործ է հարուցվել: