Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը սահմանափակելու է Հայաստանի հնարավորություններն ապագայում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Նախնական կարծիքս բացասական է, իսկ ամբողջ հիմնավորումները կներկայացնեմ քննարկումների ժամանակ: Միանշանակ, համաձայն եմ, որ մենք նորից մեզ մղում ենք մի տարածք, որը մեր հնարավորություններն է սահմանափակելու ապագայում: Ես դեմ եմ քվեարկելու»,-ասաց Փոստանջյանը:

Ըստ նրա, այս գործընթացն արագացվել ու ԱԺ օրակարգ է բերվել Ռուսաստանի պարտադրանքով: «Մի քանի տարի առաջ, երբ պարոն Պուտինը ժամանեց Հայաստան, երբ իր պաշտոնական այցը տեղի չունեցավ միջազգային արարողակարգով եւ սահմանափակվեց Գյումրիի ռազմաբազայով, այս առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց` մենք երբեք չենք հեռացել Կովկասից: Հիմա այս համաձայնագիրը իրենց այստեղից չգնալու հիմնավորումներից մեկն է: Երբ պարոն Պուտինը ասաց` երբեք չենք գնացել այստեղից, նա չէր դիտարկում Ադրբեջանն ու Հայաստանը որպես տարբեր պետությունների տարածքներ: Նրա համար սա մեկ միասնական տարածք է, որը դիտարկում է Ռուսաստանի սահմաններին հարակից տարածք: Հետեւաբար ինքը ոչ մի շահ կամ պարտավորվածություն ու ցանկություն չունի պաշտպանելու հայերին ու ադրբեջանցիներին»,-մանրամասնեց պատգամավորը:

Նրա խոսքով Ռուսաստանը երկու երկրներին դիտարկում է մեկ հարթության մեջ եւ շահագրգիռ չէ ապահովել Հայաստանի օդային անվտանգությունը Ադրբեջանի սպառնալիքներից: «Պուտինի համար բոլորը նույն հարթության վրա են գտնվում: Հետեւաբար նրա համար մեկ է` ով ում կկոտորի եւ ինչ տեղի կունենա: Խնդիրը իր համար այս տարածքը վերահսկելի պահելն է»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: