Շատ դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:
«Հայկ Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի արարք է, եւ հուսով եմ՝ պատկան մարմիններն անմիջապես կգտնեն եւ կբացահայտեն ճշմարտությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով Ղարաբաղում ընդդիմության ձեւավորման խնդրին, Արզումանյանը պատասխանեց. «Ղարաբաղում կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաեւ ներկայացված են Ազգային ժողովում: Դա Ղարաբաղի ներքին գործն է, թե ինչպես կձեւավորվի ընդդիմությունը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին:
Նա ավելի ուշ հայտարարել է, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է: Նա նշել է, որ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը գրել եւ ստորագրել է, որ «երեկվա դեպքերը սխալ են եղել»:
Հայկ Խանումյանին առեւանգելու փաստով քրեական գործ է հարուցվել:





























