Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ և լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը նստեն իրենց տեղը, և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ, մանավանդ, որ քաղաքական գնահատական հնչեցրել են Արցախի հանրապետության խորհրդարանի խմբակցությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին:
«Իրավական գնահատականն էլ իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այսինքն ի՞նչ ենք ուզում անել»,-ասաց նա:
«Եթե խոսքը վերաբերում է Արցախի արտաքին քաղաքականությանը, Արցախի անվտանգությանը, շփման գծում պատերազմական գործողությունների շարունակության հավանականությանը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտմանը, ագրեսիայի եւ ահաբեկչության իրականացմանը, այո Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետք է քայլ կատարի եւ մենք դա անում ենք: Ինչ վերաբերում է Արցախի ներքին պրոցեսներին, այնտեղ կա ընտրված իշխանություն, ընտրված իրավապահ մարմիններ, ԱԺ-ում ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորներ եւ նրանք իրենց գործը կանեն, ի՞նչ եք խառնվել իրար»,-ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ վտանգի պահին իրար վրա քար նետելու ժամանակը չէ, բոլորս պետք է համախմբվենք: «Թերություններ միշտ եղել են, կան ու լինելու են: Այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները բոլորից լավ գիտեն այդ թերությունները, եւ ամենից լավ են տիրապետում այդ իրավիճակին, ցույց տվեց: բայց որ չպետք է անենք քայլե, որոնք չեն բխի հայության շահերից, պարզ է»,-իր խոսքն ամփոփեց ԱԺ փոխնախագահը:





























