Եթե «Հայոց լեզվի եւ գրականության» քննական թեստում կլինեն վրիպակներ, ապա խնդիրը կլուծվի հօգուտ դիմորդի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ծնողների եւ դիմորդների դժգոհություններին, թե շտեմարաններում վրիպակներ կան:

«Եթե կլինի վրիպակ, որի պատասխանատուն կոնկրետ կազմակերպիչներն են, խնդիրը կլուծվի հօգուտ դիմորդի: Սա ընդունված բան է. եթե կոնկրետ վրիպակ կլինի, միավորը կհաշվեն հօգուտ դիմորդի»,- վստահեցրեց նախարարը:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ արդեն ժամանակն է մրցութային փուլով ընտրելու շտեմարանային բազան:

Նշենք, որ մինչեւ քննության մեկնարկը՝ ծնողներն ու դիմորդները NEWS.am-ի թղթակցին իրենց մտահոգությունն էին հայտնել շտեմարաններում առկա վրիպակների մասին: Քննությունից հետո պարզ դարձավ արդեն, որ քննական թեստում նույնպես վրիպակներ են եղել: 

«Քանի շարքում կետադրական սխալ կա» առաջադրանքում պատասխանը 3 է ըստ «Շտեմարանի», բայց ճիշտ պատասխանը 4-ն է: Հիմա ասում էին՝ հաստատ վրիպակները չեն լինի թեստերում, բայց դրված էին ու հենց այն, որ ես նախորդ օրը հարցրել էի իմ ուսուցչուհուն»,- NEWS.am-ին ասել է նույն քննական կենտրոնում քննություն հանձնող դիմորդներից Ալինա Գրիգորյանը՝ նշելով, որ մնացած առաջադրանքներն իր համար պարզ էին:

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում  «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից ընդունելության միասնական քննություն է հանձնել ընդհանուր 11 հազար 375 դիմորդներից ավելի քան 6 հազարը: