2015 թվականի բյուջեն եկամուտների մասով չի կատարվել առնվազն 7 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, տնտեսական աճի մասով հնարավոր չէ, որ արտադրությունն ավելանար 3 տոկոսով, եկամուտն ավելանար, իսկ առեւտուրը պակասեր 8 տոկոսով, ներմուծումն ու արտահանումն էլ՝ 22 տոկոսով:
«Իմ կարծիքով 2015 թ.-ը եղել է տնտեսական անկման տարի, եւ դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է»,- ասաց նա եւ նշեց պատճառը. «Դուք արգելում եք տնտեսությունը վարկավորել, դրա շնորհիվ է, որ պահում եք դրամի կուրսը»,-ասաց Բագրատյանն ու հավելեց. «Այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10-ից իջեցվեց 7.75-ի, դա ոչինչ է ձեր կատարած գործողության նկատմամբ: Արդյունքում վարկավորումը 3.2 տոկոսով պակաս է եղել 2015-ին, քան 2014-ին: Կենտրոնական բանկը ստիպել է Կառավարությանը գնալ անկման: Ե՞րբ եք թույլ տալու, որ տնտեսությունն աճի: Ասում եք՝ ավանդներն ավելացել են 11 տոկոսով, բայց վարկերը պակասել են: Իրականում ավանդները չեն ավելացել: Ի՞նչ եք մտադիր անել այս տարի, ինչքա՞ն եք շարունակելու տրված վարկերի նկատմամբ պահուստավորում անել, ու պահել դրամի կուրսը: Այս քաղաքականությունն անիմաստ է դարձնում ներդրումը նման միջավայրում»:
Ի պատասխան Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ ԿԲ-ն դրամի կուրսի պահմանն ուղղված որեւէ գործողություն չի իրականացրել, այլ մշտապես պահպանում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը եւ միջամտում է, երբ դրա անհրաժեշտությունը կա, երբ կտրուկ տատանում է լինում: «Այս տարի միջամտությունը եղել է նվազագույն, հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին»,-ասաց նա:
Պարտադիր պահուստավորման մասով Ջավադյանն ասաց. «2014-ի ճգնաժամի արդյունքում մենք բարձրացրինք տոկոսադրույքները հիմնականում երկու գործիքով. լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացրեցինք եւ պարտադիր պահուստավորման, որը հնարավորություն տվեց ապահովել նաեւ ֆինանսական կայունությունը, թույլ չտվեցինք թռիչքներ: Մենք բանկերին հնարավորություն տվեցինք պահուստավորելու երկար փողերը: Երկար փող ստեղծելու հնարավորություն տվեցինք բանկերին»:
Ինչ վերաբերում է ավանդներին, Ջավադյանը նշեց, որ դրամային ավանդներն ընդհանուր վարկային կառուցվածքում կազմում են ընդհանուր ավանդների մոտ 28 տոկոսը, իսկ մնացածն արտարժույթային ավանդներն են: «Վարկերի նվազումն էլ կապված է փոխարժեքի հետ, իսկ այդտեղ գրեթե փոխարժեքի փոփոխություն չի եղել։ Այս պահին վարկերի աճ ունենք, եւ ամենակարեւորը սպառողական վարկերը կրճատվել են, բիզնեսին տրվող վարկերն աճել են: Նույնը վերաբերում է տոկոսադրույքներին: Մեր ժամկետային ավանդների կառուցվածքում գրեթե փոփոխություն չի եղել, դոլարիզացիայի չափը չի խորացել»,-ընդգծել է նա:
Ջավադյանի խոսքով, որոշակի առումով ՀՀ տնտեսական աճը եղել է վարկերի ավելացման հաշվին:



























