Ես Նուբարաշեն ՔԿՀ, իհարկե այցելել եմ և պարբերաբար չհայտարարված այցեր եմ կատարելու ազատազրկման վայրեր, դա նաեւ իմ խնդիրների մեջ է մտնում անմիջականորեն ընկալել իրավիճակը՝ հետևել, թե ինչ է կատարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Փաստաբանների պալատում, լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Անդրադառնալով տեղեկություններին, որ վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու բանտարկյալներ իրենց թուք էին ներարկել, նա ասաց. «Կոնկրետ դեպքերի առթիվ անպայման տեղեկանում ենք և ընթացք ենք տալիս: Նաեւ հանդիպումներ են լինում կոնկրետ դատապարտյալների հետ: Կոնկրետ դեպքերի հետ կապված դիմում-բողոք չենք ստացել, բայց մոնիտորինգային այցերի միջոցով փորձելու ենք վերհանել եւ տեսնել ինչում է իրավիճակը: Ցանկացած կալանավորի կողմից նման քայլը մեզ համար քննարկման առարկա պետք է դառնա, հասկանանք պատճառներ: Դրա հետ կապված կտանք տեղեկություն: Հիմա էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում մեր խումբը, որտեղ մոնիտորինգային ուսումնասիրություն է իրականացնում, այդ թվում այդ դեպքի հետ կապված»:




























