Արտակարգ իրավիճակների նախարարությունը տասը թափուր հաստիք կրճատել եւ այն տրամադրել է ՀՀ տարածքային զարգացման կառավարման նախարարությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն` անդրադառնալով վարչապետի` կոռուպցիայի, մենաշնորհների ու անարդյունավետ ծախսերի կրճատման մասին հայտարարությանը:
«Կրճատումների ուղղությամբ դեռ աշխատում ենք, կնայեն կտեսնենք` ինչ կա, հստակ կորոշենք»,-ասաց նա:
Հարցին` կադրային կրճատումներ լինելո՞ւ են` հաշվի առնելով, որ հաճախ է իր ղեկավարած գերատեսչությունը հայտնվում քննադատության թիրախում ուռճացված աշխատակազմ ունենալու առումով, նա ասաց. «Ո՞վ է քննադատում… եթե փրկարարներ ու հրշեջներ պետք չեն, ես մեծ հաճույքով կկրճատեմ ամբողջությամբ: Ես վերջերս եմ 10 հաստիք կրճատել եւ տրամադրել այդ հաստիքները տարածքային կառավարման նախարարությանը»:
Հարցին, թե դրանք թափո՞ւր հաստիքներ են եղել, Երիցյանը պատասխանեց. «Թափուր են եղել, հիմա արդեն թափուր չունենք: Բայց դուք ուզում եք մարդկանց կրճատենք, որ անաշխատանք մնա՞ն»:





























