Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար դիմորդները շարունակում են պարապել կրկնուսույցի մոտ, թեեւ պատասխանատուները տարիներ շարունակ վստահեցնում են՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարելի է ընդունվել:

Ծնողներն ու դիմորդները, սակայն, համոզված են, որ դպրոցի գիտելիքը բավարար չեն հարցաշարերին պատասխանելու համար:

«Ինքս Հայոց լեզվի մասնագետ եմ, արդեն թոշակի եմ անցել, բայց նայելով այսօրվա շտեմարաններին՝ կարող եմ վստահեցնել, որ առանց պարապելու չեն կարող քննություն տալ: Հարցեր կան, որոնք  երեխաները դպրոցում մակերեսորեն են անցնում կամ չեն էլ անցնում, բայց շտեմարաններում կան: Կրկնուսույցն այդ ամենի վրա ուշադրություն է դարձնում»,- ասում է Էլեոնորա Հարությունյանը:

Մայրաքաղաքում եւ մարզերում կրկնուսույցների վճարները խիստ տարբեր են: Համատարած թանկացումներն ազդել են նաեւ կրկնուսույցների վճարի վրա. եթե տարիներ առաջ մեկ առարկան մարզերում կարելի էր պարապել 5-10 հազար դրամով, ապա այսօր մեկ առարկայի դիմաց առնվազն պետք է 20 հազար դրամ վճարել: Մայրաքաղաքում կրկնուսույցի մոտ վճարը սկսում է 30 հազար դրամից: Եթե դասախոսի կամ շտեմարանը կազմողի մոտ է դիմորդը պարապում, վճարը մի քանի անգամ մեծանում է:

«Երկու տարի հայոց լեզու եմ պարապել, որ ընդունվեմ ԵՊՀ-ի արաբագիտության բաժին: Մենակ մի առարկային 20-30 հազար դրամ ենք վճարել ամսական»,- ասում է դիմորդներից Հարություն Մովսիսյանը:

Կիրառական մաթեմատիկա ընդունվելու համար Մարգարիտա Ղանդիլյանը պարապել է 9 ամիս՝ ամսական վճարելով 35 հազար դրամ: Սուսաննա Եսայանն էլ, որը ցանկանում է տնտեսագետ դառնալ, երկու առարկայի համար ամսական 50 հազար դրամ է վճարել:

«Կարո՞ղ եք մի երեխա ցույց տալ այս բոլոր դիմորդների մեջ, որն ինքնուրույն կարող է հաղթահարել այս հարցաշարերը: Խոսքս բոլոր առարկաներին է վերաբերում: Բոլորդ էլ գիտեք՝ դպրոցներն ինչ վիճակում են, բայց ավագ դպրոցի միտումն այն էր, որ այնքան գիտելիքներ ստանան, որ ինքնուրույն ընդունվեն, չարդարացրեց՝ տարբեր հանգամանքներից ելնելով»,- նշում է տիկին Աննան, որի դուստրը մտադիր է տնտեսագետ դառնալ:

Դիմորդների ծնողների խոսքով՝ ամսական առնվազն 90 հազար դրամ իրենք վճարում են կրկնուսույցներին:

«Մենք ամեն ինչից զրկվում ենք, որ մեր երեխաները բարձրագույն կրթություն ստանան, իրենց լավ ապագայի համար ենք անում»,- ասում է տիկին Լուսյան:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի պնդմամբ՝ նախարարությունն այժմ ծրագիր է մշակում, որի համաձայն, աշակերտները 12-րդ դասարանում ուսուցիչների հետ կպարապեն այն առարկաները, որոնցից պետք է միասնական քննություն հանձնեն: Ըստ նախարարի, այս կերպ հնարավոր կլինի բեռնաթափել 12-րդ դասարանն ու կամաց- կամաց վերացնել կրկնուսույցի ինստիտուտը: Ավելին, Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ հատկապես այս տարի հնարավոր է միջին գիտելիքներով բուհ ընդունվել՝ առանց հատուկ պատրաստվելու:

Նորանշանակ նախարարին կհաջողվի՞ վերացնել կրկնուսույցի ինստիտուտը, այն, ինչ նախկին նախարար Արմեն Աշոտյանին չհաջողվեց, թեեւ վերջինն անընդհատ պնդում էր, թե կրկնուսույցների ինստիտուտը Հայաստանում վերանում է:

Դեռ 2014թ. օգոստոսին նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել էր. «Շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը եւ կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Նաեւ փաստ է այն, որ ուսանողների մեծ մասը մարզերից են, իսկ այնտեղ չկան կրկնուսույնցների այնպիսի տեսակի գոյությունը,  ինչպիսին Երեւանում է»: