Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ մայիսին սպառողական ապրանքների ինդեքսը տարեկան կտրվածքով նվազել է 2.1%-ով: Միաժամանակ, սպառողական ապրանքների միջին գները նվազել են 3.9%-ով, իսկ ահա ծառայություններինը 2.2%-ով աճել են:

Հայտնի է, որ գնանկումը ոչ պակաս չարիք է, քան տատանվող գնաճը: Կարելի է ենթադրել, որ գնանկման պատճառներից մեկն արտերկրից մասնավոր դրամական փոխանցումների կտրուկ կրճատումն է: Անցյալ տարի անկում արդեն գրանցվել է, այնպես որ՝ ներկայացնենք նախորդող տարվա՝ 2014 թվականի համեմատությունը: Եվ այսպես. հունվար-մարտին, երկու տարվա ընթացքում, ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների գումարը կրճատվել է ավելի քան 1.5 անգամ:

Մեր բնակչության մի մասի ընտանեկան բյուջեի ձեւավորման, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների իրացման հարցում դրամական փոխանցումների դերը դժվար է գերագնահատել: Անցյալ տարի փոխանցումների գումարը, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների նկատմամբ, գերազանցել է 40%-ով: Բացի ապրանքներ ձեռք բերելուց՝ այդ միջոցների մի մասը, բնականաբար, ուղղվել է այլ նպատակների: Սակայն հիմնականում ձեռք են բերվում ապրանքներ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության (պարենամթերք, հագուստ, կոշիկ եւ այլն):

Բացի այդ, պահանջարկի ընդհանուր ծավալների վրա բացասաբար է ազդել նաեւ բնակչության միգրացիան: Նշված գործոնների ազդեցությամբ երկրում ապրանքների վաճառքի ծավալները հետեւողականորեն կրճատվել են:

Իհարկե, գնանկումը համատարած չէ: Օրինակ՝ առանձին մթերքներ կտրուկ թանկացել են: Ազգային վիճակագրական ծառայության հակիրճ զեկույցում ներկայացված են միայն մրգերի եւ բանջարեղենի գները, այդ պատճառով սահմանափակվենք միայն սրանք օրինակով: Այսպես. մայիսին սխտորը տարեկան կտրվածքով թանկացել է 1.2 անգամ, սմբուկը՝ գրեթե 1.5 անգամ: Նշենք, որ սխտորի, ինչպես նաեւ սմբուկի պաշարների մի մասը ձեւավորվում է արտահանման հաշվին:

Գրեթե 1.6 անգամ թանկացել է կարտոֆիլը: Դրա արտադրության ծավալները թույլ են տալիս ոչ միայն բավարարել ներքին շուկայի պահանջները, այլեւ արտահանել: Բայց ընթացիկ տարվա անցած ամիսների արտահանման ծավալների մասին տվյալներ չեն հրապարակվել: Անցյալ տարի, դատելով պաշտոնական տվյալներից, կարտոֆիլի ռեկորդային բերք է եղել: Հնարավոր է՝ գների վրա ազդել է անցյալ տարվա կարտոֆիլի բերքի արտահանման աճը կամ խնդիրներ են եղել վաղահաս կարտոֆիլի բերքի հետ կապված: