Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավոր Դավիթ Բալայանը գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ դատավորի՝ գործով դատախազը չի կատարել մայիսի 30-ին կայացրած որոշման պահանջը: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Դավիթ Բալայանը գործը հետ էր ուղարկել մեղադրող կողմին, քանի որ առկա էին թերություններ: Սահմանված եռօրյա ժամկետում դատախազն ուղարկել էր նյութերը դատարան, սակայն նախօրեին դատարանը կրկին հետ էր ուղարկել գործը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բախշյանը, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:
Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























