Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը 1995 թ. պայմանագրի հիման վրա է և ընդունելի փաստաթուղթ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ՀԱկ խմբակցությունում դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու. «Հավանաբար կողմ կլինենք, որովհետև 1995 թ. բոլոր պայմանագրերի շարունակությունն է»:
Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ նշում են, որ հայկական օդային տարածքի վերահսկողությունը սրանով հանձնվում է Ռուսաստանին, Արամ Մանուկյանն արձագանքելն է. «Այսպես թե այնպես, հայ-թուրքական սահմանը պահպանվում է հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության միջոցներով»:
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը:





























