2016-ին Հայաստանում վերականգնվում է բանկերի կողմից վարկավորումը: Այս մասին հայտնել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը՝ ելույթ ունենալով հունիսի 7-ին ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով, 2015-ին համակցված վարկավորումը կրճատվել է 3.6 տոկոսով, բայց պետք չէ մոռանալ, որ դրանից 8-9 տարի առաջ վարկավորումը աճում էր 25-30 տոկոսով, ընդ որում ակնհայտ է, որ դա պայմանավորված չէր բանկերի կապիտալիզացիայով: «Իսկ եթե հաշվի առնենք, որ ուղիղ օտարերկրյա ներդրումներն այս տարիներին անկում են ապրել, ապա պետք է ընդունել, որ նախորդ տարիների տնտեսական աճն ապահովված է եղել վարկերի հաշվին»,- հավելել է նա: Վարկավորման կրճատումը 2015-ին բացատրվում էր արտաքին գործոններով՝ դրամական փոխանցումները կրճատվել են 33 տոկոսով, պղնձի միջազգային գները նվազել են 20 տոկոսով, Ռուսաստանում տնտեսական անկումը կազմել է 3.7 տոկոս, իսկ ԵՄ-ում այն զրոյական է եղել: «Բնականաբար այդ ամենի հետեւանքով բանկերն ավելի կոնսերվատիվ են դարձել վարկեր տրամադրելու հարցում: Բայց հիմա նորից աճ է նկատվում»,- ամփոփել է Ջավադյանը:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի համակցված վարկային պորտֆելը 2015-ի վերջին կազմել է 2 տրլն 88 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 4.37 մլրդ դոլար ) կամ ՀՆԱ մոտ 40 տոկոսը:



























