Լեհաստանում անցկացված երեխաների եւ պատանիների ժամանակակից տեքստիլ արվեստի 10-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը: Ներկայացված են եղել 14 պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Խորվաթիա, Կուբա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա) մոտ 5500 մասնակիցների ստեղծագործություններ:

Հայաստանը ներկայացրել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները: Նրանցից չորսը արժանացել են ոսկե, հինգը՝ արծաթե, եւս հինգը՝ բրոնզե մեդալների:

«Մենք մտածված չենք մասնակցում որեւէ փառատոնի, որովհետեւ երբ գրում են, որ մրցույթից հետո աշխատանքները չեն վերադարձվելու, մենք ոչ մի բան չենք ուղարկում: Ափսոս են մեր սաների աշխատանքները, մենք նրանց արժեքը շատ լավ գիտենք»,- հայ մեդալակիրների պարգեւատրման ժամանակ ասաց Լեւոն Իգիթյանը՝ նշելով, որ կազմակերպիչները նամակով խոստացել են երեխաների կտավներն անպայման վերադարձնել, բայց ավելի ուշ, քանի որ հաղթող մասնակիցների նկարները եւ մի խումբ այլ նկարներ ներկայացվելու են Վարշավայում կայանալիք միջոցառմանը:

Ոսկե մեդալ նվաճած Սոնա Ավետիսյանը մրցույթին ներկայացրել է Հովնաթանյանի աշխատանքներից:

«5 տարի է` հաճախում եմ կենտրոն, առաջին անգամ եմ մասնակցում նման միջոցառման: Երբ իմացա, որ ոսկե մեդալ եմ շահել՝ հուզվեցի, շատ ուրախացա, ինձ համար շատ անսպասելի էր»,- ասաց Սոնա Ավետիսյանը:

Սոնա Միքայելյանը մրցույթում արժանացել է բրոնզե մեդալի եւ իր տարիքային խմբում միակն է, որ թաղիքագործ նկար էր ներկայացրել: Ասում է, որ սա իր առաջին աշխատանքն է թաղիքով:

«Ներկայացրել էի Մարտիրոս Սարյանի «Լոտուս» կտավը: Սա իմ առաջին միջազգային մրցաշարն էր: Ուրախությանս չափ չկար, երբ իմացա, որ իմ կտավը մեդալի է արժանացել»,- նշեց 10-ամյա Սոնա Միքայելյանը: Նա աշխատանքը ստեղծել է 9 տարեկանում:

«Վստահ չէի, որ միջազգային այս մրցույթում որեւէ տեղ կզբաղեցնենք: Շատ տարբեր եւ բազմաոճ աշխատանքներ էինք ներկայացրել եւ վերցրել էինք ամենը հայ նկարիչների կտավներից: Կատարել էինք նաեւ թաղիքագործ աշխատանք, որը շատ յուրօրինակ եւ հետաքրքիր էր ստացվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկավարժ Լուսինե Մխիթարյանը:

Սոնա Միքայելյանի մայրը պատմեց, որ դուստրը արդեն չորրորդ տարին է հաճախում  Գեղագիտության ազգային կենտրոն՝ ասեղնագործության խմբակ:

«Պետք է նշեմ, որ աղջիկս մեծ սիրով է խմբակ հաճախում: Սոնան բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների, բայց անցյալ տարի ամռանը հայտարարվեց միջազգային մրցույթ, որտեղ նա պետք է մասնակցեր կամ ասեղնագործ, կամ թաղիքագործ ստեղծագործությամբ: Ուսուցչուհին ընտրեց թաղիքագործությունը: Ես որպես ծնող շատ ուրախ եւ հպարտ եմ, որ աղջիկս զբաղեցրեց 3-րդ տեղը եւ շնորհակալ եմ կենտրոնին եւ ուսուցչուհուն»,- ասաց Հասմիկ Վարժապետյանը:

Մեդալներն ու պատվոգրերը երեխաներին եւ ուսուցիչներին հանձնել է Գեղագիտության կենտրոնի ղեկավար Լեւոն Իգիթյանը: