Ռուսաստանի Աշխատանքի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է պատրաստել, որով հաստատվում է 2017 թվականին հանգստյան օրերի տեղափոխության գրաֆիկը: Օրացույցով հանգստյան օրերի հետ մի քանի տոնական օրեր են համընկնում:
Հունվարի 1-ի հանգստյան օրը կիրակիից տեղափոխվում է փետրվարի 24-ի ուրբաթը, իսկ հունվարի 7-ի շաբաթից՝ մայիսի 8-ի երկուշաբթին: Այսպիսով, Ռուսաստանում ամանորյա տոները կնշեն 2016 թվականի դեկտեմբերի 31-ից 2017-ի հունվարի 8-ը:
Այնուհետեւ տոն է Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-26-ը: Մարտի 8-ը չորեքշաբթի է, այդ պատճառով տեղափոխություն չի լինի:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, Աշխատանքի օրը Ռուսաստանում կնշեն ապրիլի 29-ից մայիսի 1-ը, իսկ Հաղթանակի օրը՝ մայիսի 6-9-ը:
Հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օրը, եռօրյա արձակուրդ կպարգեւի ռուսաստանցիներին՝ հունիսի 10-12-ը, նույնը կլինի նաեւ Ազգային միասնության օրվա առիթով՝ նոյեմբերի 4-6-ը:




























