Ավագ դպրոցում աշակերտները «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից այնպիսի բարդության առաջադրանքներ չեն կատարում, ինչպիսիք կան այդ առարկայի շտեմարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին դիմորդները, որոնք այսօր՝ հունիսի 7-ին, ընդունելության միասնական քննություն էին հանձնում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից:
«Ավագ դպրոցում մենք չենք անցնում այն, ինչ կա շտեմարաններում: Օրինակ շարահյուսության բաժինները չենք խորանում: Դասագրքերում այդքան բարդ առաջադրանքներ չկան»,- ասաց դիմորդներից Մանե Սողոմոնյանը:
Մեկ այլ դիմորդի՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ ոչ միայն դասագրքերում այդքան բարդ չեն առաջադրանքները, այլեւ դպրոցական ծրագրերը չեն համապատասխանում քննական թեստերին:
«12-րդ դասարանում անցնում ենք՝ ինչպես գրել շարադրություն, ինչը մեզ պետք չէ: Կապ ու շաղկապ անցել ենք 6-րդ դասարանում, որն ավագ դպրոցում չենք կրկնում»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր հանրապետությունում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից ընդունելության միասնական քննություն է հանձնել ընդհանուր 11 հազար 375 դիմորդներից ավելի քան 6 հազարը:




























