Հունիսի 4-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 20-ամյա Կոկո Ժ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, իր ծանոթ, 21-ամյա Նարեկ Խ.-ն մի անծանոթ երիտասարդի հետ տանը բացահայտ հափշտակել են «Այֆոն 4», «Այֆոն 6», «Սամսունգ Գալաքսի» մոդելների բջջային հեռախոսներ, «Այփադ 2» եւ «Այփադ 3» մոդելների դյուրակիր համակարգիչներ եւ «Այֆոն 6» բջջային հեռախոսի տուփը, որից հետո դիմել են փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անծանոթը 22-ամյա Հրաչյա Ի.-ն է:
Հունիսի 6-ին Նարեկ Խ.-ն եւ Հրաչյա Ի.-ն բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Նարեկ Խ.-ն եւ Հրաչյա Ի.-ն ձերբակալված են:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




























